Մի հեռավոր, Աստծու աչքից ընկած վայրում,
Մի էգ, մի որձ շնանում են` որդի ծնում,
ՈՒ անունը դնում Թաթոս:
Էս Թաթոսը մեծանում է ինքն իր համար
Բախտ փնտրելով,
Վերոնշյալ էգ ու որձից խուսափելով,
Որոշում է գնալ քաղաք` դառնալ ուսյալ:
Էշին նստած գալիս է ու`
Քար է կտրում նա զարմանքից.
-Ինչերից է Աստված զրկել խեղճ Թաթոսիս...
ՈՒ ատում է լավ ապրողին, սովորողին,
Հորն ու մորը մեծարողին,
ՈՒ քաղաքն է ատում անգամ,
ՈՒր դառնում է նա տան անդամ:
Որոշում է սրան-նրան զրպարտելով
Մեծ մարդ դառնա,
ՈՒ բոլորի հախից էլ գա:
Ամեն ինչից մի քիչ, մի քիչ,
ՈՒսումնական դուրս չի գալիս,
Այլ` խամաճիկ:
ՈՒ մի օր էլ էս Թաթոսին պատահաբար
Ներկայացման հյուր են տանում`
Հենց Քաջ Նազար...
Էս Թաթոսը կյանքը բեմից չի տարբերում,
ՈՒ խառնված` Քաջ Նազարին հարց է ուղղում.
-Նազար ախպեր, դու ինձ ասա, կարևորը ո՞րն է հիմա,
Ես էլ դառնամ մի օր արքա:
Էս Նազարն էլ թե` պաթոսը, որ հավաստի լինի խոսքը:
ՈՒ Թաթոսը իր պաթոսով ելնում է բակ,
Հրապարակ...
Իր ասածից` զարմանում է ինքն իր վրա,
Զարմանում է էն զզվելի մարդկանց վրա,
Որ իրեն են կարծում Աստված`
Իրենք իրենց վրա թքած...
ՈՒ Թաթոսը պաթոսն առնում`
Թագավոր է իրեն կարգում:
ՈՒ վրեժով լցված հոգին,
Որ չէր ներել էն սրբապիղծ էգ ու որձին`
Որոշում է քանդել հիմքից երկիրը այն,
Որ եղել է արքայական...
ՈՒ թողնում է մեն մի աթոռ` ինքը վրան,
ՈՒ մի սեղան` իր պաթոսին լավ հենարան:
Սա խոսում է սուտ ու պռատ,
Պաթոսն անգամ` հոգնած, վհատ,
Զարմանում է Թաթոս արքան.
Իրենց գյուղի էշից էլ են էշ շատ անգամ`
Իրեն լսող գարշանքները այս անզգամ...
Այ քեզ արքա, այ քեզ պաթոս,
Մի անուսում Թաթոս-պաթոս,
Որ երկրի վզից կախեց ցուցանակ` SOS
22.06.2023
Իրինա ԱՐԱՄՅԱՆ-ՄԿՐՏՉՅԱՆ